National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.04.2022
Գեւորգ Պապոյանի հեղինակած օրինագծով հստակեցվում է տարեկան հաշվետվություններ ներկայացնող Բաց բաժնետիրական ընկերությունների շրջանակը
1 / 6

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկում է ՀՀ 1998թ. թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Բաց բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը»:

Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը պարտադիր կլինի ոչ թե բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների համար, այլ այն ԲԲԸ-ների, որոնք հանդիսանում են ՀՀ տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ կամ հաշվետու թողարկող կամ կբավարարեն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշներին՝ գործունեությունից հասույթի, ակտիվների հաշվեկշռային արժեքի, աշխատողների թվաքանակի գծով:

Խնդիրն այն է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման դրույթն ուժը կորցրած է ճանաչվել, մինչդեռ, Քաղաքացիական օրենսգրքում շարունակում է գործել մի դրույթ, որի համաձայն՝ ԲԲԸ-ները պարտավոր են ամեն տարի ի գիտություն բոլորի՝ հրապարակել տարեկան հաշվետվությունները եւ հաշվապահական հաշվեկշիռը:

Ըստ հեղինակի՝ ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը կհամապատասխանեցվի «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջներին:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվող փոփոխության պարագայում ԲԲԸ-ների համար առաջանում են նախատեսված պահանջի մեկնաբանության հետ կապված բարդություններ: Մասնավորապես, խմբագրումից ակնառու չէ, որ հրապարակման են ենթակա միայն այն ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները, որոնք բավարարում են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ գործադիրը գտնում է, որ անկախ ընկերության կազմակերպաիրավական տեսակից՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջները նպատակահարմար է նախատեսել հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ, եւ այլ օրենքով կամ օրենսգրքով նույն պահանջը սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

Նշվել է նաեւ, որ նույնաբովանդակ իրավակարգավորում է առկա նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 115-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Կառավարությունն առաջարկում է նախագծով ներկայացված փոփոխության փոխարեն ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը, 108-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 115-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը:

Նախագծի վերնագրում «լրացում» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի պահանջը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ընդունել է Կառավարության առաջարկները եւ ներկայացրել է լրամշակված տարբերակ: Նա նաեւ նշել է, որ խնդիրը ներկայացրել են գործարար համայնքի ներկայացուցիչները:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am